Տարազներ

Տարազը կենցաղի և մշակույթի՝ ավանդականությամբ բնութագրվող տարրերից է, մարդու ցեղային, սեռային պատկանելությունը ցույց տվող, հասարակական նշանակությունը բնութագրող խորհրդանիշ է, որը տարբերվում է իր գույնով, հարդարանքով, զարդերով, զարդանախշերով, սանրվածքով, դաջվածքներով և այլն: Յուրաքանչյուր ժողովրդի տարազը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով, տվյալ երկրի բնական արտադրանքով։

Ձեզ կներկայացնեմ տարբեր ժողովուրդների, ու տարածաշրջանների տարազների մի քանի օրինակ: Բոլոր տարազախմբերում էլ տարազը կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից, գլխի հարդարանքից և զարդարանքից, ագանելիքից (գուլպա, ոտնաման, տղամարդկանցը` նաև ոտքի փաթաթան, սռնապան): Տարբերությունները ոճավորման մեջ են, իսկ հագուստի ոճը դրսևորվել է ձևվածքային լուծման, հիմնական ձևերի, հագնելու եղանակի, գունային համադրության, գեղազարդման եղանակների մեջ:

Հայկական տարազ

Հայկական տարազը շատ բազմաբնույթ է: Հայաստանը չի ունեցել համահայկական տարազ, այսինքն՝ Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, իսկ այդ նահանգի գավառները ունեին միայն իրենց բնորոշ տարազներ , որոնք տարբերվում էին յուրահատուկ զարդանախշերով, գույներով : Ըստ տիպի` հայկական տարազը արձակ է, բաց, զգեստն ունի կտրվածքներ առջևից, կողքերից: Ըստ ոճային բնութագրի` ուրվագիծն ազատ է, գունային գամայում գերակշռում են կարմիր, կապույտ, կանաչ, մանուշակագույն, դեղին գույները: Տարազի վրա գտվող յուրաքանչյուր զարդանախշ ունի իր բացատրությունը: Օրինակ՝ քառակուսին ներկայացված է իբրև աշխարհի չորս կողմերը ու տարվա չորս եղանակները, կետանախշը մեկնաբանվել է իբրև սկիզբելակետ և նախահիմք: Սոցիալական խմբերի տարազների տարբերությունը արտահայտվել է տարազի որակով, ինչպես նաև տարազի վրա նշանավոր զարդանախշերի առկայությամբ: Տարազը արտահայտել է մարդու կենսակերպը: Օրինակ՝ եթե կինը հարուստ էր, ապա նրա տարազը զարդարված էր ոսկե ու արծաթե թելերով: Տարազի գույնից կարելի էր որոշել նրա ամսունական կարգավիճակը: Ժողովուրդը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել տարիքային և սեռային որոշակի խմբի հագուստին՝ հատկապես հոգ տանելով չամուսնացած աղջիկների և տղաների, հարսների հագուստ-կապուստին: Տոնածիսական հագուստը ունեցել է հմայական, պահպանական ֆունկցիա՝ նպատակ հետապնդելով զերծ պահել կրողին չար ուժերից: Այսօր ավանդական հայկական տարազի օգտագործման միակ տարբերակը հանրությանը ներկայացվում է ազգային երգի ու պարի խմբերի միջոցով: Նաև մեր օրերում սկսել են ազգային տարազներին բնորոշ յուրահատուկ զարդերը ու նախշերը օգտագործել որպես նորաձություն:

Leave a comment